Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ

Armenpress 12:35, 25 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ,  կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի հետևանքով հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով»,- նշված է հայտարարության մեջ: Մեկտեղ ասվում է՝ Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am