ՀՀ նախագահն ու Հայաստանում Իտալիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին

Armenpress 13:11, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով օրերս Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ նշել է, որ յուրաքանչյուր այց նպաստում է փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարների և ուղիների բացահայտմանը:

Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ տարբեր մակարդակով փոխայցելությունները հնարավորություն են տալիս հետևողականորեն զարգացնել միջպետական հարաբերությունները և բոլոր ուղղություններով խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը համապատասխանում է հայ և իտալացի ժողովուրդների ցանկություններին:

Ընդգծվել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը լավ հիմք են առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am