Հայոց ցեղասպանության ոգեկոչման կապակցությամբ Երևանում է Իրաքի Քուրդիստանի շրջանի պատվիրակությունը

Armenpress 19:31, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով Երևան են ժամանել Իրաքի Քուրդիստանի շրջանի «Քուրդ-հայկական բարեկամության» կազմակերպության ղեկավար Հեմն Մամրաշը, Քուրդիստանի «Հայրենասիրական միություն» կուսակցության ղեկավար Շիրա Օմերը, Ցեղասպանության հարցով «Բարան» (PUK) կազմակերպության ղեկավար Արամ Մուհամեդը և վերոնշյալ կազմակերպությունների անդամները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, պատվիրակությանն ապրիլի 25-ին հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի, ՀՀ ԱԺ «Հայաստան խմբակցության ՀՅԴ անդամներ, «Հայաստան-Իրաք» բարեկամական խմբի անդամներ Գեղամ Մանուկյանի և Թադևոս Ավետիսյանի հետ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-քրդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել Սոցինտերնի հարթակում արդեն իսկ ձևավորված՝ ՀՅԴ կուսակցության և վերոնշյալ քրդական կազմակերպությունների բարեկամության շրջանակը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am