Պապիկյանը Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

Armenpress 13:58, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ), գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը, կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող  մի շարք հարցեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ են փոխանակվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am