Դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

Armenpress 18:15, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել սուլթանին։ Հ

«Հրաչյա Փոլադյանը ընդգծել է, որ Պարսից Ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ (1992թ. հուլիս) և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։

Զրույցի ավարտին սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am