Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Armenpress 14:14, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեռնոգորիայի նախագահի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: 

Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև, Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am