Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից. Նիկոլ Փաշինյան

Armenpress 17:13, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից, և մեծապես կարևոր է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ուղղությամբ համագործակցության հարցեր:

Մտքեր են փոխանակվել ամրապնդման և թվայնացման աշխատանքների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am