ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունն ընթանում է բարձր մակարդակով. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ    

Armenpress 15:32, 30 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը հիացած է Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմակերպվածությամբ:

«Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է բարձր մակարդակով: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, շնորհակալություն կառավարությանը նմանատիպ հրաշալի մրցաշարի համար: Տեսնում եմ, որ Հայաստանում սիրում են բռնցքամարտը, Հայաստանն այս տարի դարձավ եվրոպական բռնցքամարտի մայրաքաղաքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կրեմլյովը:

Վերջինս անդրադարձավ նաև կիսաեզրափակիչի մենամարտերի ընթացքում արձանագրված մրցավարական բացթողումներին`շեշտելով, որ մրցավարները սխալ են թույլ տվել: «Հատուկ հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ մրցավարները սխալվել են: Հանձնաժողովը հետաքննություն կանցկանցի»,-ասաց նա:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչներում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը մրցեց Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյես Պլայի հետ։ Երեք ռաունդից  մրցավարները մենամարտի հաղթող ճանաչեցին իսպանացուն: Նարեկ Մանասյանը համաձայն չէր մրցավարների որոշման հետ, և ի նշան բողոքի հրաժարվում էր լքել ռինգը:  Մայիսի 29-ին, ժամը 22:14-ի դրությամբ Մանասյանը դեռևս ռինգում էր:  Նրան էին միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք էր:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am