ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Ֆլորենս Պրովենդիերի գլխավորած պատվիրակությունը քննարկել են Սպանդարյանի ջրամբարի կառուցման հնարավորությունները

Armenpress 16:11, 1 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆլորենս Պրովենդիերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներ Սուրեն Կևորկյանը և Դավիթ Ալեքսանյանը, ինչպես նաև «Սոլջես էներջի»-ի գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՏԿԵ նախարարությունից,  Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանդիպման կարևորությունը հատկապես երկու երկրների նախարարների կողմից ստորագրված Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակներում։

«Հունիսի վերջին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մեծ համաժողովը շատ լավ առիթ կհանդիսանա կողմերի հորիզոնական հարաբերությունները մեկ անգամ ևս ամրապնդելու և նոր գաղափարներ ներմուծելու համար»,- հավելել է փոխնախարարը։

Ֆլորենս Պրովենդիերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և պատգամավորը ակտիվ համագործակցում է տեղի հայերի հետ։

Անդրադառնալով ճանապարհային քարտեզին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է համագործակցության արդյունքում հաջողված և պլանավորված ծրագրերը, ինչպիսիք են Սյունիքի կայունությանը ուղղված միջոցառումները՝ համայնքային և արոտավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը, խմելու և ոռոգման ջրերի մատակարարման հարցի լուծումը, Կապանի 151 շենքերի էներգախնայողության և Սյունիքում տուրիզմի խթանման ծրագրերը, Հայաստանում ջրամբարաշինության ծրագրերի փաթեթը՝ Վեդիի ջրամբարի կառուցումը, այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագիրը՝ Երևանյան լճի ֆոտովոլտ կայանների կառուցումը, հանրային ներդրումների արդյունավետության գնահատման խորհրդատվական ծրագիրը և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սպանդարյանի ջրամբարի կառուցման հնարավորությունները, ոլորտային զարգացմանն ուղղված ռազմավարությունը և ապագայի տեսլականները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am