Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

Armenpress 20:06, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար ժամը 20:00-ին դարձյալ քվորում չապահովվեց՝ պատգամավորների բացակայության պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ 4 ժամը լրացավ, սակայն փաստացի դահլիճում պատգամավորներ չկան՝ այդ թվում և ընդդիմության պատգամավորները: «Կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ»,-ասաց Սիմոնյանը:

Ժամը 16:00-ին նախատեսված նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին եկել նիստին: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծը:

Քանի որ քվորում չլինելու պատճառով նիստը չսկսվեց, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կառավարություն, ապա՝ Կառավարական թիվ մեկ առանձնատուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am