Ոստիկանները Երևանում թմրավաճառության դեպք են բացահայտել. երեք անձ ձերբակալվել է

Armenpress 19:31, 6 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են իրացրել հունիսի 1-ին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Թամանցիների փողոցից նրանք բերման են ենթարկեցին երեք տղամարդու` «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ:

«Նրանցից երկուսի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինով լցված հինգ փաթեթ: Հետագա միջոցառումներով հաջողվեց պարզել, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր մայրաքաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվեց Երևանի Արին-Բերդի փողոցում, սակայն նկատելով իրավապահներին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով դիմեց փախուստի: Հետապնդումը կարճ տևեց. ԲՄՎ-ն վթարի ենթարկվեց, իսկ այդ ընթացքում 30-ամյա տղամարդը մեքենայի պատուհանից նետեց մեկ փաթեթ: Դեպքի վայրի զննությամբ փաթեթը հայտնաբերվեց: Փաթեթում ավելի քան 11 գրամ մեթամֆետամին կար: Բերման ենթարկվածը ոստիկանությունում հայտնեց, որ փաթեթն իրենն է: Ավելին, բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրեց իր աշխատավայրում թաքցրած ևս մեկ փաթեթ, որի մեջ եղած ափիոնը կշռեց 585 գրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ, երեքն տղամարդն էլ ձերբակալվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am