Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը

Armenpress 21:09, 6 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը, որին մասնակցել են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների պատանի ստեղծագործողները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Ութամյա Ռուբենը Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում նվագել սեփական ստեղծագործությունը փոքրիկ տղայի համար անհավատալի էր թվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արամ Խաչատրյանի անվան ստեղծագործական փառատոնն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է:

«Գալա համերգին ժյուրիի ընտրությամբ հնչել են լավագույն ստեղծագործությունները:

Փառատոնի նպատակն է բացահայտել օժտված և տաղանդավոր երեխաների ստեղծագործական ձիրքը, աջակցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը:

Բոլոր մասնակիցները Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են և ստացել հուշանվերներ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։:

Նշվում է, որ ավանդույթի համաձայն պատանիներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծ կոմպոզիտորի շիրիմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am