ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բուհական համակարգի զարգացման և ակադեմիական միջավայրի ձևավորման հարցեր

Armenpress 19:36, 9 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը:

«Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտերկրի մասնագիտական շրջանակների հետ համագործակցությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ունենալ բուհական համակարգի զարգացման հստակ տեսլական և պատասխանատուներին հանձնարարել մշակել համապատասխան հայեցակարգ ու միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ, որում ներառված կլինի նաև ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am