Նիկոլ Փաշինյանը ՀՀ Բարեկամության շքանշանով է պարգևատրել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիին

Armenpress 14:00, 14 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև՝ բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Հայր Էմիրը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ընդգծել, որ շարունակելու է առավել ջանքեր գործադրել` նպաստելու երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:

Վարչապետ Փաշինյանը և Հայր էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Կարևորվել է ինտենսիվ կապերի պահպանումը` հայ-կատարական համագործակցությունն առավել բազմակողմ դարձնելու նպատակով:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության այլ հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am