Ճամբարակ համայնքում ծղրիդները շարունակում են սպառնալ ցանքերին, արոտներին եւ խոտհարքերին

Armenpress 17:52, 16 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում արդեն մեկ ամիս է, ինչ պայքար է մղվում ծղրիդների դեմ, որոնց հոծ զանգվածները մասսայաբար ավերում են տնտեսությունների արոտները, խոտհարքերը եւ ցանքատարածությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ծղրիդներն աննախադեպ ակտիվացել են Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի տարածքներում, իսկ մնացած բնակավայրերում առայժմ չեն տարածվել։

« Ծղրիդների հոծ խմբերն իրենց ճանապարհին խժռում են արոտները, խոտհարքերը եւ ցանքերը՝ լուրջ սպառնալիք ստեղծելով համայնքի գյուղատնտեսության համար։  Նրանց դեմ պայքար տանելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեզ տրամադրել է 30 կիլոգրամ թունաքիմիկատ, որը սակայն բավարար չեղավ՝ ծղրիդներին լիովին ոչնչացնելու համար, ուստի գնումների միջոցով որոշակի քանակի թունաքիմիկատ ձեռք  է բերել նաեւ ճամբարակի համայնքապետարանը։ Սրսկումներն իրականացնում ենք տրակտորների միջոցով։ Արդեն շուրջ 1000 հեկտար տարածք վնասազերծվել է վնասատու միջատներից, սակայն սպառնալիքը չի վերացել, քանի որ դրանց խմբերը հայտնվում են մյուս մաքուր տարածքներում։ Կարծում եմ, որ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է ներգրավել դրոններ, որի հնարավորությունը մեր համայնքը չունի։ Հորդորել ենք նաեւ համայնքի բնակիչներին, որպեսզի ավելի ակտիվորեն ներգրավվեն ծղրիդների դեմ պայքարում»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով  Խլղաթյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am