Էդուարդ Մարկարովը 80 տարեկան է

Armenpress 10:41, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը` Էդուարդ Մարկարովը 80 տարեկան է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ-73»-ի հաղթական էջերում ոսկե տառերով է գրված Էդուարդ Մարկարովի անունը: Այսօր էլ Հայաստանի լեգենդար ֆուտբոլիստների շարքում մարդիկ առանձնահատուկ սիրով են հիշում Էդուարդ Մարկարովին: Շատերը նույնիսկ գիտեն, որ մինչ «Արարատ» փոխադրվելը, նա արդեն ԽՍՀՄ ֆուտբոլի առաջատար ու համբավավոր հարձակվողներից մեկն էր: Այժմ էլ նա ավագ ընկերոջ սրտացավությամբ ու լավագույնը տեսնելու մեծ ցանկությամբ է խոսում հայկական ֆուտբոլի եւ այդ փառավոր էջի, եւ այսօրվա մասին: Էդուարդ Մարկարովն այսօր էլ հայկական ֆուտբոլի ակունքներին մոտ է կանգնած:

Էդուարդ Մարկարովը ծնվել է 1942 թվականին: Հարձակվող է, սպորտի վաստակավոր վարպետ: Հանդես է եկել Բաքվի «Լոկոմոտիվ»-ում եւ «Նևթչի»-ում: 1971-75 թթ. խաղացել է Երեւանի «Արարատ» թիմում: ԽՍՀՄ հավաքականի  կազմում  մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը: ԽՍՀՄ չեմպիոն, մրցանակակիր եւ մրցաշարի գավաթակիր է: ԽՍՀՄ առաջնություններում դարձել է 157 գոլի հեղինակ: 1976 թվականից Երևանի «Արարատ»-ի վարպետների թիմի անդամ է:

«Արմենպրես»-ի անձնակազմը շնորհավորում է հայկական ֆուտբոլի լեգենդին` ուժ, եռանդ և երկարակեցություն մաղթելով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am