Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան

Armenpress 15:19, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին:  Այդ դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ կապ չունի՝ երբ, որտեղ, ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա:

«Արցախի ճակատագիրը վտանգված է: Եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը: Մենք ունենք բացարձակ հնարավորություն բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որովհետև մենք ունենք Սփյուռք: Եվ ի դեմս Ադրբեջանի՝ կա երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը պետական քաղաքականություն է, և դա տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են  թիրախը»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց նաև, թե չի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար կարող է մտածել կամ քայլեր անել, որպեսզի Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում:

«Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք: Մենք հիմա դե ֆակտո անկախ երկիր ենք և մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել,  անընդունելի է»,- շեշտեց Բաբայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am