Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ուզբեկստան

Armenpress 16:10, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-22-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ուզբեկստանի նախագահականի պաշտոնական կայքը։

Այցի օրակարգում են ռազմավարական գործընկերության ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման և բազմակողմ համագործակցության ընդլայնման հարցեր։

«Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, գործարար և տարածաշրջանային մակարդակով համագործակցության կապերի ամրապնդմանը, տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի խթանմանը, տրանսպորտի և տարանցման ոլորտում հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, շարունակական ակտիվ մշակութային և հումանիտար  հարցերով համագործակցությանը»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակի շուրջ, կքննարկեն բազմակողմ կառույցների շրջանակներում ինտենսիվ երկխոսության և փոխադարձ աջակցության զարգացմանը առնչվող հարցեր։

Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ՝ ուղղված արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում գործնական համագործակցության խորացմանը։

Այցի նախօրեին Տաշքենդում տեղի են ունենում գործարար միջոցառումներ, որոնց մասնակցում են Ուզբեկստանի ու Ադրբեջանի առաջատար ընկերություններն ու ձեռնարկությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am