ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Armenpress 21:01, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:

«Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am