«Սադա քափ» բասկետբոլային մրցաշարը մարզական տոն կբերի Երևան. հավաքականի ներկայացուցիչները մեծ սպասելիքներ ունեն

Armenpress 12:58, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկող «Սադա քափ» բասկետբոլային միջազգային մրցաշարը խոստանում է դիտարժան լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը: Վերջինս շեշտեց, որ կարևոր է հաղթել մրցաշարերում, սակայն առավել կարևոր է զարգացնել և այլ մակարդակի հասցնել հայաստանյան բասկետբոլը: «Մենք այստեղ խոսում ենք երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և բասկետբոլի լեզվով: Այստեղ մարզումներն անցկացնում ենք NBA-ի ոճով»,- ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը մեծ ոգևորությամբ է միացել ընտրանուն: «Ուրախ ենք, որ 2016 թվականից հետո կրկին հավաքականի հետ ենք: Մեծ հնարավորություն է մասնակցել «Սադա քափ»-ին՝ դրանով իսկ նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը»,- ասաց նա:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալբերտ Թադևոսյանը մեծ ակնկալիքներ ունի առաջիկա մրցաշարերից: «Ուրախ ենք, որ մեզ հետ աշխատում է այնպիսի մարզիչ, ինչպիսին Ռեքս Կալամյանն է: Ծանր աշխատանքով ենք նախապատրաստվում առաջիկա մրցաշարերրին, սարսափելի հոգնում ենք, սակայն մեծագույն հաճույքով ենք պատրաստվում: Հույս ունենք ոսկե մեդալներով վերադառնալ Մալթայից՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից»,- ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան համագործակցում է «Սադա» ընկերության հետ: Համագործակցությունը տարածվում է չորս տարբեր տարիքային հավաքականների վրա: Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք «Սադա քափ» միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը (ԵԱ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am