Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Ես հայ եմ» խորագրով պարային միջոցառումը

Armenpress 21:58, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Ես հայ եմ» խորագրով Prof-Art պարային ստուդիայի 2021-22 թվականների հաշվետվության համերգը: Ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանը նշեց, որ այս ժամանակներում հայապահպանման գործունեության մեջ մեծ դեր ունի հայկական պարարվեստը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Այս ժամանակներում շատ կարևոր է հայապահպան գործունեությունը, և պարարվեստը լավագույն միջոցներից մեկն է մատաղ սերնդի մեջ սերմանելու հայապահպանությունը: Պարարվեստը այն միջոցներից է, որի օգնությամբ երեխան կարող է ծանոթանալ հայոց պատմության հետ, դա է թաքնված է «Ես հայ եմ» խորագրի հետևում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենց ժանրային առանձնահատկությունը ժողովրդականն է: Հիմքը դրվում է դասական պարով այնուհետև անցնում հայ ժողովրդական պարերի:

«Դասարանները, որոնք արդեն 5 տարվա պատմություն և համապատասխան դասական և ժողովրդական բազա ունեն, թույլ ենք տալիս ներգրավել արդեն այլ ոճերի մեջ հրավիրյալ պարուսույցների մասնակցությամբ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:

Պարուհիներից Մելիքյան Աննայի խոսքով՝ պարն է, որ իրեն ստիպում է հայ արմատներին ավելի մոտ զգալ:

«Վաղը Վրաստանում ևս համերգ ունենք: Հայաստանում մեր պարերը պետք է շատ պարենք, որպեսզի մեր արմատներին ավելի մոտ լինենք: Հաճելի է, որ կարողանում ենք գոհացնել հանդիսատեսին: Ամեն հնարավոր բան արել ենք, որ այսօր և վաղը հանդիսատեսի առաջ լավագույնս ներկայանանք»,- նշեց պարուհին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am