Հայտնի են «Չինարենի կամուրջ» մրցույթի հաղթողները
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են «Չինարենի կամուրջ» չինարենի լեզվի և մշակույթի միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները: Այս տարի մրցույթը կրում է «Մեկ աշխարհ՝ մեկ ընտանիք» խորագիրը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ նաև տարրական դասարանների աշակերտներ: Բոլոր մասնակիցներից ընտրվել են 15-ը:
«Չինարենի կամուրջ» մրցույթին ուսանողներից առաջին տեղը զբաղեցրեց Մերի Պապյանը: Ավագ դասարանների դպրոցականներից հաղթեց Վիկտորյա Մնացականյանը, իսկ տարրական դասարանների աշակերտներից առաջին տեղը զբաղեցրեց Անահիտ Հովակիմյանը:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յուն շնորհակալություն հայտնեց Հայաստանում չինարեն դասավանդող բոլոր ուսուցիչներին՝ նվիրված աշխատանքի և չինարեն լեզվի տարածման համար:
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել են առողջ և կայուն կերպով: Իսկ «Չինարենի կամուրջ» չինարենի լեզվի և մշակույթի միջազգային մրցույթը տարեցտարի ավելի մեծ հաջողություններ է գրանցում. հնարավորություն է ստեղծում չինարենը տարածել ժամանակակից սերնդի շրջանակում, նպաստում է նաև հայ-չինական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դեսպանը:
Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով` հաղթողները հնարավորություն կունենան մեկնել Չինաստան: Առաջին տեղի մրցանակակիրները կմասնակցեն այս մրցույթի Չինաստանում կայանալիք համաշխարհային փուլին:
«Այս տարի մրցակցությունը բավականին մեծ է եղել ու բոլորը մասնակիցները շատ լավ պատրաստված են եղել: Յուրաքանչյուր խմբից մասնակցում են 5 աշակերտ: Նշեմ, որ բոլոր մասնակիցները անխտիր դեսպանատան կողմից կստանան նվերներ: Հաղթողներին, բացի միջազգային մրցույթին մասնակցելուց, նաև կտրվեն Չինաստանում սովորելու կրթաթոշակներ»,- ասաց նա:
Մրցույթը կազմված էր չորս փուլից: Առաջին փուլում մասնակիցները հանձնել են գրավոր քննություն, երկրորդ փուլում` պատասխանել ժյուրիի հարցերին: Հունիսի 30-ին կայացած երրորդ փուլում մասնակիցները ելույթներ ունեցան չինարեն լեզվով, իսկ չորրորդ փուլում ներկայացրեցին չինական մշակութային համարներ: Ժյուրիի անդամների կազմում ընդգրկված էին չինացիներ և չինարենի տեղացի ուսուցիչներ:
Մրցույթի մասնակից 21-ամյա Աննան նշեց, որ որոշել է սովորել չինարեն, քանի որ դեռ փոքր տարիքից հետաքրքրված է եղել չինական մշակույթով, իսկ երկիրը ճանաչելու լավագույն տարբերակը լեզուն սովորելն է: Իսկ այս մրցույթը շատ լավ հնարավորություն էր մեկ անգամ ևս խորացնելու գիտելիքները և նոր ընկերներ ձեռք բերելու համար:
Մրցույթն անց է կացվում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության հովանու ներքո: