Կրթության և տեխնոլոգիաների զուգակցումը կարող է զգալի փոփոխությունների հանգեցնել. մեկնարկեց EdTech2022 համաժողովը

Armenpress 13:32, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ «Արհեստական բանականություն կրթահարցեր և տեխնոպատասխաններ» խորագրով EdTech2022 համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը նշեց, որ հիմնադրամի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կողմից համատեղ կազմակերպվող համաժողովը համագործակցային պրոդուկտների և շարունակական գործընկերության հարթակի զարգացմամբ նպատակ ունի ընդլայնելու EdTech2021-ի շրջանակներում ձևավորված կրթական և տեխնոլոգիական համայնքների երկխոսությունը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Կարևոր է ֆորմալ կրթությունը ոչ ֆորմալի հետ համադրել, բարձրագույն կրթությունը պետք է զուգակցվի սոցիալական ոլորտի հետ: Այսօր փորձելու ենք այնպես անել, որ կրթությունը երկխոսի տեխնոլոգիական ոլորտի հետ, որը կարող է փոփոխությունների հանգեցնել: Կարծում եմ, որ շատ հարցերի լուծում հնարավոր է միայն ոլորտների համագործակցությամբ»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքները մարդակենտրոն են: 

ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը շեշտեց՝ կա երկու տարբերակ. կամ մարդկությունն է ենթարկվելու արհեստական բանականությանը, կամ այն հնարավոր է ենթարկել մարդկանց կամքին:

«Կրթական հաստատությունը կարող է արհեստական բանականության հիմքի վրա ստեղծել համակարգեր, որոնք ինքն է մշակում և  իրականացնում և որոնք հնարավոր է կառավարել»-, ասաց ռեկտորը:

Համաժողովի պաշտոնական բացմանը հաջորդող թեմատիկ զեկույցներում հակիրճ անդրադարձ կատարվեց առկա միտումներին: Զեկույցները ներկայացրին ՀՖՀՀ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, հետազոտությունների պատասխանատու Արամ Եսայանը և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը:

«Արհեստական բանականություն և կրթություն. ինչպե՞ս է արհեստական բանականությունը՝ որպես տեխնոլոգիա, խթանում կրթական գործընթացները» խորագրով պանելային քննարկման մասնակից, ISTC ընկերության ներկայացուցիչ Արեգ Գևորգյանը փաստեց, որ արհեստական բանականությունը մեծ տեղ ունի բոլորիս կյանքում:

«Հայաստանում 5-6 տարի առաջ սկսեցինք քայլեր ձեռնարկել արհեստական բանականությունը կթական ոլորտում ինտեգրելու ուղղությամբ: Ուրախ եմ տեսնել, որ տարբեր համալսարաններում արհեստական բանականությանն ուղվված տարբեր ծրագրեր են հիմնվում: Շատ բաների հիմքն այսօր արհեստական բանականությունն է, կարևորում եմ այդ ուղղության զարգացումը Հայաստանում»,- նշեց Գևորգյանը:

Հաջորդիվ նորարար կրթատեխնոլոգիական կառույցներն ու ստարտափները ներկայացրին երկու ոլորտների համագործակցության օրինակներ:

Համաժողովի ընթացքում նախատեսվող երկրորդ «Կրթություն և արհեստական բանականություն. ինչպե՞ս է կրթության զարգացումը խթանում տեխնոլոգիական գործընթացները» խորագրով պանելային քննարկմանը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչ Զառա Լավչյանը նշեց, որ իրենց նպատակն է հասկանալ, թե ինչ կրթական խնդիրներ է հնարավոր լուծել, որպեսզի հետագայում, տեխնոլոգիական առաջընթաց ունենալով, որևէ ծուղակ չընկնենք:

«Կամ տեխնոլոգիան օգտագործելու է մեզ կամ մենք կարող ենք օգտագործել տեխնոլոգիաները ընդհանուր բարօրության համար: Մեր խնդիրը այսօր քննող, մտածող, զննող արթուն մարդկանց դաստիարակությունն ու կրթությունն է»,-ընդգծեց Լավչյանը:

Պանելային քննարկումներին հաջորդեց մասնակիցների կարծիքների քարտեզագրման գործընթացը, որի շրջանակներում դիտարկվեցին երկու ոլորտների միջև գործակցության և EdTech հարթակի զարգացման հեռանկարները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am