«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները

Armenpress 16:50, 12 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ  «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2022 թվականի 19 շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին համալսարանը շատ բարձր նշաձող է սահմանում: «Այսօր ուսանողները ձգտում են այն ծրագրերին մասնակցել, որ հետո աշխատանքով ապահովված լինեն: Շնորհավորում եմ բոլորիդ, կանաչ ճանապարհ մաղթում»,-ասաց նա:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանն էլ հավելեց, որ 2022 թվականի շրջանավարտները  տարբերվող էին` ամենաուժեղ կուրսն էր: «Մենք նույնիսկ մի քանիսին հրավիրել ենք դասախոսություններ կարդալու ԵՊՀ-ում: «Առաջին անգամ մենք ինստիտուցիոնալ կերպով հետազոտական ծրագիր ենք անում: Մեր ուսանողներից մեկը մագիստրոսական թեզը գրելու է արտասահմանյան ընկերություններից մեկում»,-ասաց նա:

Ծրագիրն իրականացվում է 2017թ-ից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ ու PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ֆինանսավորում, ինչպես նաև 2-րդ կուրսից շարունակելու ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am