ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է. dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը

Armenpress 19:56, 15 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման, ընդունվում են իրենց կողմից հայտագրած բուհի համապատասխան մասնագիտությամբ՝ հավասար պայմաններով:

Ըստ աղբյուրի՝ այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանա կրթության ավարտական փաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող են դրանք առձեռն ներկայացնել բուհ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am