Ստամբուլում կստորագրվի ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված փաստաթուղթ

Armenpress 17:44, 22 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մանրամասներ է հայտնել Ստամբուլում հուլիսի 22-ին  ուկրաինական հացահատիկի մատակարարման միջանցքների բացման հարցով  ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպման սպասվող արդյունքների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ փաստաթուղթ կստորագրվի, որը կվերացնի գյուղատնտեսական միջանցքի ձևավորման ճանապարհին առկա խնդիրները։ Աշխարհը դրական նորություններ կլսի»,-ասել է էրդողանը:

Նա ուշադրություն է հրավիրել ռուս-ուկրաինական պատերազմի բացասական տնտեսական ազդեցության վրա, այդ թվում՝ Թուրքիայում, որտեղ գնաճ է նկատվում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am