Ուկրաինան հաստատել է մասնակցությունը Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին

Armenpress 12:36, 1 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է eurovoix-ը:

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ: Նախորդը 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am