Հայ-իրանական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված

Armenpress 17:11, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։

Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։  2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու համար ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:

Ավելի վաղ, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հայտնել էր, որ Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահների կողմից շուրջ 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Լրատվամիջոցներին Զաքարյանը հայտնել էր, որ հենակետերից մեկը տեղադրված է Մեղրի-Ագարակ ճանապարհին՝ Արաքսի ափին, մյուսը՝ դեպի Ագարակ գնացող ճանապարհին, հենակետ տեղադրված է նաև Շվանիձոր գնացող ճանապարհին, ևս երկու հենակետ էլ տեղադրված է դեպի գյուղեր գնացող միջհամայնքային ճանապարհներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am