Լաստանավային հաղորդակցության չվացուցակը շուտով կհրապարակվի. Վահան Քերոբյան

Armenpress 13:00, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական լաստանավի գործարկման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք հիմա վերջնական աշխատանք ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,– ասաց նա։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ դիտարկվում է Փոթիի նավահանգստից օգտվելու տարբերակը։

«Դա հեշտ հարց չէ, հատկապես որ զուգորդվում էր այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով ու ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հույս ունենք, շատ շուտով արդյունք կտա»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Քերոբյանը հայտնել էր, որ լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին: «Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»,- ասել էր նախարարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am