Գնել Սանոսյանը «Fly Arna» ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպմանը առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները

Armenpress 17:39, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Գնել Սանոսյանը ողջունել Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ընկերության հետագա զարգացման ուղղված քայլերի հաջորդականությունը։ «Fly Arna» ընկերության գործադիր տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսում են ևս 2 Airbus A320 մոդելի ինքնաթիռ ներգրավել ավիաընկերության գործունեության համար։ 

Նախարարին է ներկայացվել նաև այս տարվա սեպտեմբեր ամսից ՌԴ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Նախարար Սանոսյանն առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել ուղևորների սպասարկման որակին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել նաև ՀՀ ավիաընկերությունների՝ եվրոպական ուղղությամբ թռիչքների իրականացման սահմանափակումների վերացման հարցում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am