Երևանում 17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով

Armenpress 12:25, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 911 ծառայություն զանգած քաղաքացին օգոստոսի 12-ին, ժամը 21-ի սահմաններում հայտնել էր, որ իր մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ են եղել, իսկ պարանոցին՝ պարան։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջը սպանել էր 17-ամյա որդին։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական ստորաբաժանում։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am