Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին

Armenpress 13:01, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Պայթյունի պահը դիտելով՝  ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- մանրամասնեց  Փամբուխչյանը:

Անդրադառնալով տարբեր կառույցներում ռումբերի մասին ահազանգերին, որոնք հաջորդել էին պայթյունին՝ Փամբուխչյանն ընդգծեց, որ բոլոր այդ ահազանգերը կեղծ են եղել: Նախարարը հիշեցրեց, որ վերջին շրջանում նման ահազանգեր հաճախ են լինում և բոլորն էլ կեղծ են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am