Էնդի Մարեյը Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում հաղթել է Ստեն Վավրինկային

Armenpress 09:38, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ սաղավարտի» եռակի հաղթող և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն անգլիացի թենիսիստ Էնդի Մարեյը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի «Մաստերս»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Ցինցինատի «Մաստերս» մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Էնդի Մարեյի առաջին մրցակիցը Շվեյցարիան ներկայացնող Ստեն Վավրինկան էր: 2 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում անգլիացին հաղթեց երեք սեթերից հետո: Առաջին սեթում Մարեյը հաղթել է 7:6 հաշվով, երկրորդ սեթում պարտվել 5:7, իսկ երրորդ սեթում հաղթել 7:5 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am