Արցախում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ

Armenpress 21:29, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:

Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը»,- ասված է հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am