Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը

Armenpress 14:52, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման հանձնվեց Դեբեդ գետի վրա կառուցված նոր կամուրջը: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ խորհրդանշական «Բարեկամություն» անվանումը ստացած նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար երկու կողմից ժամանել էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ղեկավարները:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Հայ-վրացական անցակետում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ՝ շնորհավորելով միմյանց հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող կամրջի գործարկման կապակցությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ներկաներին  հայ-վրացական բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող կամրջի գործարկման միջոցառմանը:

«Անկասկած, ընդհանուր արժեք­ների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու բարեկամ երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղա­քա­կանության կարևոր առաջնայնություն­ներին համապատասխան, զարգացնելու և խորացնելու եղբայրական Վրաստանի հետ հետագա հարաբերությունները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ ներկայիս բարդագույն մարտահրա­վեր­ների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում, որը համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է:

«Այդուհանդերձ, հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերու­թյուններն ունեն առավել մեծ ներուժ: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտե­սության, դեղագործության, տեղե­կատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերու­թյունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ ապահովել ազգային, տարածա­շրջանային և միջազգային մակար­դակով։ Մեր երկկողմ համագոր­ծակ­ցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպոր­տային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնու­թյուններում։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրակա­նացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակ­ցությանը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրում­ներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև երկաթուղային տրանսպորտային համագործակ­ցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Բագրատաշեն-Սադախլո անցակետում ընդհանուր առմամբ կառուցվել է երկու կամուրջ՝ միմյանցից 1 մետր հեռավորությամբ: Յուրաքանչյուր կամրջի երկարությունը 11.85 մետր է, ընդհանուր լայնությունը՝ մոտ 25 մետր: Կամրջի երկարությունը՝ 160 մետր: «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել էր 2021 թ. մայիսի 13-ին: Կամուրջը կառուցվել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից, խորհրդատվությունը տրամադրել է «Սուսունգ էնջիներինգ և Կորեա քընսալթանթս Ինթերնեյշնլ» Հ/Ձ-ն: Ծրագիրն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2012թ. նոյեմբերի 23-ին, որից հետո 2014 դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել էր միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվեց միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը Հայաստանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացնելու նպատակով:

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am