Շիրակի մարզում իրականացվում են բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ

Armenpress 15:41, 19 Օգոստոս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  19 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Աշոցք համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով այցելում են համայնքներ։ Հերթական այցելության ընթացքում մասնագետները եղել են Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի խմելու ջրագծի աղբյուրակապի կառուցման տեղամասում։ Աշխատանքներն իրականացվում են կառավարության 70 % և hամայնքային՝ 30 % համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 92 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունները «Գունաշեն» և «Արմար Գրուպ» ՍՊԸ-ներն են ։

Շիրակի մարզպետարանի հասարակայնության ու տեղեկատվության բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ  սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են նաև Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքները: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ․ կիրականացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների 1–ին փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ և Դավիթ» և «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են։

Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները կարգավորել ամենասեղմ ժամկետներում։

Արմենուհի Մխոյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am