Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Armenpress 17:18, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am