ՀԱՊԿ Միացյալ շտաբում անցկացվել է տեղեկատվական անվտանգության ապահովման թեմայով ռազմագիտական ​​համաժողով

Armenpress 18:42, 5 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներով հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022թ. պլանի համաձայն` սեպտեմբերի 2-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միացյալ շտաբում, անցկացվել է ռազմագիտական համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ապահովման մասնագետներ, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչներ։

«Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական անվտանգության համակարգի կատարելագործման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, նիստի մասնակիցները, հաշվի առնելով ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը, առաջարկներ են մշակել տվյալ բնագավառում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am