STARMUS-ի հյուրերը խոսեցին ժամանակակից աշխարհի լրջագույն մարտահրավերի մասին

Armenpress 17:00, 6 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում ներկայումս լրջագույն խնդիրը կլիմայի փոփոխությունն է և դրա հետևանքով առաջացած ճգնաժամը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS-ի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ամերիկացի ինժեներ, դիզայներ, գործարար եւ ներդրող Թոնի Ֆադելը, պատասխանելով հարցին, թե որն է գիտնականների համար ամենալուրջ մարտահրավերը, որը կցանկանային լուծել։

«Վստահաբար կարող եմ ասել, որ կլիմայի փոփոխությունը, որպես ճգնաժամ, ստեղծել ենք մենք՝ մարդիկ և ոչ մեր սերունդը, դա արել են մեզանից առաջ։ Մենք կարող ենք այդ խնդրի լուծումը գտնել և դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ես իմ մասնակցությունը ունենում եմ այդ գործընթացում՝ ներդրումներ անելով խորհրդատվական կազմակերպություններում, որոնք համապատասխան տեղեկատվություն են տարածում, թե ինչպես կարող ենք մեղմել կլիմայի փոփոխությունը»,- ասաց Ֆադելը։

Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին իր հերթին ընդգծեց, որ STARMUS-ը կարող է այդպիսի հարթակ ստեղծել, որը կկարողանա նմանատիպ գլոբալ խնդիրները լուծել։

«Ես փորձում եմ համալիր կերպով նայել խնդիրերին, մարդու ուղեղը ձևավորված է այնպես, որ չի կարողանում համալիր կերպով դիտարկել բոլոր խնդիրները, այլ փորձում է առանձին առաջ քաշել խնդիրները և դրանք լուծել։ Հետևաբար, խնդիրը պետք է լուծել տարբեր մարդկանց հետ։ Իհարկե, չափազանց բարդ է տարբեր ոլորտի գիտնականներին մեկ սեղանի շուրջ նստացնել, օրինակ՝ կենսաբանի կամ ֆիզիկոսի, բայց STARMUS-ը կարող է այդպիսի հարթակ ստեղծել»,- ասաց Ռեփլին։

 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am