Վարչապետը հուսով է, որ ՌԴ-ի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները

Armenpress 14:15, 7 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

« Գիտեք, որ մեզ մոտ սկսվել է Թուրքիայի հետ երկխոսությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը իր ելույթում նաև խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

«Մենք ինտենսիվ շփումների մեջ ենք Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այդ կոնտեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից. Ռուսաստանի Դաշնությունը շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար, ինչը ևս ստեղծում է հնարավորություններ: Ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am