Տոկիոն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ճապոնիայի Խորհրդականների պալատի նախագահը՝ Արշակյանին

Armenpress 21:05, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը մանրամասն տեղեկատվություն է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական եւ զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը:

«Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ռազմական բախման համար եւ ցավակցել Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Հիդեհիսա Օցուջին տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, եւ իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ:

«ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյին:

Այցի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդիպել է նաեւ Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողական կրթաթոշակների ու փոխանակումների ավելացման հնարավորությունների վերաբերյալ հարցերը, գիտակրթական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները եւ գործնական քայլերը:

Այնուհետեւ ԱԺ փոխխոսնակը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր»,- հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Նշվում է, որ կողմերը կարեւորել են երկու երկրների համալսարանների միջեւ համագործակցությունը, հայ եւ ճապոնացի գիտնականների ու հետազոտողների փոխայցերը՝ երկու երկրներում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am