Որոշում չկա, քննարկումներ կան. Միրզոյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից դիտորդներ գործուղելու հնարավորությանը

Armenpress 16:11, 18 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղելու հարցը  կարող է քննարկվել միայն ՀԱՊԿ խորհրդի նիստում. այս պահին որոշում չկա, կան քննարկումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին:

Լրագրողը հիշեցրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը: 

Միրզոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որին անդամակցում է, և կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել:

 «Եկել են այդ պաշտոնյաները, և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, որը ներկայացված է բոլոր անդամ պետություններին: Քարտուղարությունը զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառում այժմ: Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, թե երբ կարող է տեղի ունենալ Խորհրդի՝ բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նոր դիտորդական առաքելության գործուղումը: Այս փուլում ենք այժմ, որոշում չկա, քննարկումներ կան, պետք է տեղի ունենա Խորհրդի նիստ: Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե կազմակերպությունը որքանով է ճանաչում այն իրավիճակը, որը կա, իսկ դա ագրեսիա է ՀՀ-ի դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am