Հայկական Garoon Tech ստարտափը հաղթել է Energy Globe Award մրցույթում

Armenpress 14:14, 9 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆերմերների կյանքը հեշտացնող հայկական Garoon Tech ստարտափը  հաղթել է  Energy Globe Award մրցույթում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 2500 ծրագիր 180 երկրներից: 

«Garoon Tech-ը իսկապես դժվար ժամանակներ է ապրում հետխորհրդային տարածաշրջանում շարունակվող ճգնաժամի պատճառով: Այս տարածաշրջանը նախատեսված էր լինել մեր արտադրանքի սկզբնական թիրախային շուկան: Շատ վերափոխումներ ենք նախատեսում իրականացնել մեր ընկերության ներսում՝ տվյալահեն գյուղատնտեսությանը վերածնունդ հաղորդելու նպատակով, սակայն կայունությունն ու մեր սկզբնական նպատակները միանշանակ են և ենթակա չեն փոփոխման: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հավատալու համար։ Ավելի շատ երիտասարդ մասնագետներ պետք է մշակեն գյուղատնտեսական և բնապահպանական լուծումներ»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Energy Globe Award-ը համարվում է աշխարհի ամենանշանակալի բնապահպանական մրցանակը: 

Garoon Tech-ը խելացի գյուղատնտեսական համակարգ է, որը Իրերի ինտերնետի (IoT), ծրագրակազմի ու սարքերի միջոցով թույլ է տալիս խելացի գյուղատնտեսություն վարել՝ մշտադիտարկել և վերահսկել հողամշակման տարբեր փուլեր, տեղեկանալ կարևոր պարամետրերի մասին բջջային հավելվածի միջոցով: Ստարտափի առաքելությունն է ավանդական, ինտուիցիայի վրա հիմնված գյուղատնտեսությունը փոխակերպել ճշգրիտ, տվյալահեն գյուղատնտեսության:

Ընկերությունը ծրագրում է ընդլայնվել եվրոպական շուկայում:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am