Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան

Armenpress 14:14, 12 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հերթական սադրիչ քայլին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Սա պարզ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Հուսով եմ, որ սա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի, ինչպես միշտ»,- գրել է Մարուքյանը:

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 14։00-ի դրությամբ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am