ՀՀ ԲՏԱ նախարարն ու ԱՄԷ Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարը պայմանավորվել են փոխըմբռնման հուշագիր ստորագրել

Armenpress 15:10, 21 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով:

Նշվում է, որ փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am