ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը Մերձավոր Արևելքում գյուտերի միջազգային ցուցահանդես-մրցույթին արժանացել է արծաթե մեդալի

Armenpress 17:24, 6 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-15-ը Քուվեյթում կայացած Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթին ՃՇՀԱՀ Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանի «Ֆիքսատորներ մետաղական ամրանների համար» գյուտը արժանացել է արծաթե մեդալի և հավաստագրի, ինչը նշանակում է, որ այն միջազգային ճանաչում է ստացել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՃՇՀԱՀ դասախոս Աշոտ Մխիթարյանն արժանացել է մասնակցության հավաստագրի: Մրցանակը հանձնել են Քուվեյթի Էմիրը և Գիտական ակումբի ղեկավարը: 

«Գիտաժողովին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Մեդալ ստանալուց հետո հրավիրվեցինք Քուվեյթում Հայաստանի դեսպանատուն: Զրուցել ենք Հայաստանի, մեր համալսարանի հետ փոխգործակցություններից: Հանդիպել եմ նաև Քուվեյթում  հայկական դպրոցի ավարտական դասարանի մոտ 30 երեխաների հետ: Նպատակ ունեի նրանց մոտ Հայաստանում սովորելու ցանկություն առաջացնել և հասա իմ նպատակին»,- ասաց  Վարդգես Գրիգորյանը՝ հավելելով, որ Քուվեյթում Հայաստանի դեսպանատունը իրենց մեծապես աջակցել է: 

Նա հայտնեց, որ միջոցառմանը մասնակցել է նաև Քուվեյթում Հայաստանի հյուպատոսը:  

Ցուցահանդեսին ներկայացված էր 43 երկիր՝ 183 գյուտ: Միջազգային ցուցահանդեսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, նրանց ներկայացվել են գյուտերը, դրանց նշանակությունները: Միջոցառման շրջանակում իրականացվել են հանդիպում-քննարկումներ Քուվեյթի նախարարների հետ, եղել են կարծիքների փոխանակումներ: 

«Պրոֆեսորի գյուտը վերաբերվում է շինարարության ոլորտին, մասնավորապես ամրանների տակ ֆիքսատորները տեղադրվում են այնպիսի անկյամբ, որը ապահովում է յուրաքանչյուր տրամագծի համար անհրաժեշտ պաշտպանիչ շերտի բարձրացումը, ինչպես նաև ամրանը տեղադրվում է նախագծային դիրքում, ինչը համապատասխանում է ճիշտ նախագծային պայմաններին»,- ասաց ՃՇՀԱՀ դասախոս Աշոտ Մխիթարյանը:

Պրոֆեսոր Գրիգորյանը հեղինակ է 21 գյուտի, 165 գիտական հոդվածների և 16-ից ավելի մասնագիտական գրքերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am