ԱՊՀ բոլոր երկրներից մասնագետներ են մասնակցում Դիլիջանում մեկնարկած միջազգային Մեդիա դպրոցին

Armenpress 18:52, 14 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում կազմակերպվել է ԱՊՀ բոլոր երկրներից լրագրության, մարքեթինգի և գովազդի ոլորտի 40 երիտասարդ մասնագետների մասնակցությամբ վեցօրյա Մեդիա դպրոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպիչ «Ռուս-հայկական երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը, միջոցառումն անցկացվում է Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի աջակցությամբ։

«Պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ «Ռուս-հայկական երիտասարդական միություն» ՀԿ-ի նախագահ Գոհար Գումաշյանը, ինչպես նաև ընթերցվեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը։

Միջոցառման համակարգողն է «Пятница» հեռուստաալիքի ճամփորդական շոուի խմբագիր Վլադիմիր Կապրին։

Ծրագրի ընթացքում որպես խոսնակ հանդես կգան ռուս իրավաբանների գիլդիայի փոխնախագահ Ռուբեն Մարգարյանը, ՎՏԲ բանկի մարքեթինգի և գովազդի բաժնի ղեկավար Նարե Թադևոսյանը, SMM դիզայներ, կրեատիվ պրոդյուսեր և սննդի և հեդոնիզմի մասին tg-ալիքի հեղինակ #edashkin Օլեգ Դաշկինը, Ucom Armenia ընկերության տնօրեն PR բաժնի ղեկավար Դիանա Մնացականյանը և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վեց օրերի ընթացքում մասնակիցները կլսեն առաջատար փորձագետների դասախոսություններ մեդիա գրագիտության և լրատվամիջոցների հետ աշխատելու արվեստի, ապրանքների, ընկերությունների և երկրների բրենդինգի, արդյունավետ առաջխաղացման ուղիների, հաղորդակցության սկզբունքների և թվային վարվելակարգի վերաբերյալ:

Նշվում է, որ դպրոցի ձևաչափը թույլ կտա թիմային աշխատանքի միջոցով ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am