Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով և ջերմությամբ

Armenpress 21:55, 14 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ բացման արարողությունը մեկնարկեց Հայաստանի պատմության մասին անդրադարձով, մայրաքաղաք Երևանի յուրահատուկ վայրերի ներկայացմամբ: Բացման արարողությունը լի էր լուսաձայնային հատուկ լուծումներով,ներկաներին ներկայացվեցին հայազգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոնները, որին հաջորդեց դրոշների երթը: 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորեց ներկաներին մարզական տոնի մեկնարկի կապակցությամբ: «Երևանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով կազմակերպել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր ռազմավարությունն է, որ նպաստենք Հայաստանի, որպես մարզական կենտրոնի դիրքավորմանը ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհում»,-ասաց նա: Հարությունյանը շեշտեց, որ կատարած աշխատանքով նոր ստանդարտներ են սահմանվում սպորտային այս ասպարեզում: 

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շնորհակալություն հայտնեց եվրոպական ֆեդերացիային Հայաստանին նման հնարավորություն ընձեռնելու համար: «Այս առաջնությանը Հայաստանը սպասել էր 40 տարի: Սա չափազանց խորհրդանշական պահ է, քանի որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանի ինքնիշխան, անկախ հանրապետությունում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները»,-ասաց նա: 

Փաշինյանը ողջունեց մարզիկներին ու հայտարարեց առաջնությունը բացված:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի, Հայկ Մանուկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am