ՀՀ պաշտպանության և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Armenpress 20:40, 20 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:

Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային հագեցած այցի և ջերմ ընդունելության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am