ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը կարծիքներ են փոխանակել Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ

Armenpress 14:08, 23 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել իր գործունեությունը, ինչը հավաստում է Հայաստանի մեծ բարեկամը լինելու փաստը: Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր առաջին այցը եղել է Սյունիքի մարզ, ինչը կարեւոր հաղորդագրություն է պարունակում: ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Ֆրանսիան այսօր Հայաստանի հուսալի գործընկերն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությանը եւ հուլիսի 10-13-ը ՀՀ ԱԺ նախագահի Փարիզ կատարած աշխատանքային այցին:

Զրուցակիցները մանրամասներ են բարձրաձայնել տարածաշրջանի անվտանգային իրավիճակից եւ կարծիքներ փոխանակել Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ:

Երկուստեք պատրաստակամություն է հնչել հետագա փոխգործակցության շարունակականության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am